Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Վիգեն Խաչատրյան. «Ընդդիմության զարգացման համար հավասար պայմաններ չկան»

ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով ՀՀԿ-ում միայն Սերժ Սարգսյանը չէ, որ կարող է առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում, բայց կուսակցությունն իր կարծիքը չի փոխի և կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: 
«Հավանաբար Սերժ Սարգսյանի և կուսակցության ցանկությունները համընկնում են, ուստի նրա թեկնածությունն էլ կառաջադրվի»,- Past.am-ին ասաց ասաց Վ. Խաչատրյանը:

Նա չբացառեց վարկածը, թե Ս. Սարգսյանի թեկնածության առաջադրումը կարող է պայմանավորված լինել նաև ՀՀԿ-ի ներքին խնդիրները լուծելու պահանջով, բայց Վիգեն Խաչատրյանը համոզված է, որ վերջնական որոշումը կայացնելու է ՀՀԿ առաջնորդը:
«Ինչպես նա որոշի, այնպես էլ կլինի»,- ասաց նախկին պատգամավորը:

Վ. Խաչատրյանի կարծիքով, ցանկացած հարցի ժամանակ ընդդիմության շուրջ հասարակության կոնսոլիդացումը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ երկրում որևէ նպատակի հասնելու համար, բայց իր դիտարկմամբ համախմբում դեռևս տեղի չի ունենում, քանի որ լուրջ պատճառներ կան:

«Իմ կարծիքով, հավատի պակասի պատճառով է, որ հասարակությունը չի համախմբվում: Այսինքն, երբ ինչ-որ մեկի կամ միավորման շուրջ չեն համախմբվում, դա նշանակում է, որ նրանք բավարար վստահություն չունեն հասարակության մոտ»,- ասաց Վ. Խաչատրյանը:
ԱԺ նախկին պատգամավորը կարծում է, որ իշխանությունների դեմ ինստիտուցիոնալ պայքար մղելու ընդամենը տեսական հնարավորություն կա: Նա թերահավատ է, որ գործնական կյանքում  ընդդիմադիր ուժերը կկարողանան ինչ-որ բանի հասնել:
«Ընդդիմության ձևավորման համար հարկավոր է ունենալ առնվազն հավասար պայմանների առկայություն, սակայն առայժմ մենք նման հնարավորություն չունենք: 

Չնայած, որ իհարկե, ժողովրդավարության ինչ-որ դրսևորումներ կան: Մենք այսօր թեև ունենք խոսքի ազատություն, ընտրության իրավունք, բայց դրանք բոլորը որոշակի սահմաններում են: Նշված սահմաններն անցնելու դեպքում, մարդիկ այս կամ այն կերպ հետապնդումների և զրկանքների են արժանանում, որի հետևանքով ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու խնդիրը դառնում է անլուծելի: Մյուս կողմից, ցանկացած հասարակական-քաղաքական գործունեություն ունենում է նաև նյութական օժանդակություն: Եվ ենթադրվում է, որ այն վերևից կարգավորվող է և հետևաբար էլ ազատությունը բացակայում է: Այսինքն, եթե ֆինանսավորման դաշտը փակ է, բնական է, որ այն չի զարգանա և բնականաբար ընդդիմության զարգացման համար հավասար պայմաններ չեն կարող լինել»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Քաղաքական գործչի կարծիքով վերջին 25 տարիների ընթացքում ներկա և նախկին ընդդիմությունների ինքնարտահայտման չափերն ու հնարավորությունները փոխվել են, սակայն հնարավորությունների առումով երկրում սկզբունքորեն շատ քիչ բան է փոխվել, որն, ըստ նրա, ի սկզբանե սխալ զարգացման հետևանք է:  

Իսկ սխալ զարգացման հետևանքները, ըստ նախկին պատգամավորի, հնարավոր է վերացնել, ինչը ոչ թե լավատեսական, այլ իրատեսական դիտարկման արդյունք է: 
«Նոր է ձևավորվում այն սերունդը, որն այլ կերպ է մտածում և գիտակցում է ազատության կարևորությունը: Այն նաև բարձր պատասխանատվության զգացում է ենթադրում: Դրան զուգահեռ խորհրդային տարիներին ձևավորված այն մտայնությունը, թե՝ «ես փոքր մարդ եմ, որ մի բան փոխեմ», դեռ ապրում է մարդկանց մեջ: Դա դարերով ձևավորված մտայնություն է, հասարակական վարքագիծ, որն ավելի երկար պահպանվեց, քան ենթադրվում էր: Ու չնայած հիմա մակերեսին ավելի շատ երիտասարդ կարիերիստները, ցինիկներն ու նման որակի անձինք են երևում, բայց համոզված եղեք, որ նրանց հետևից գալիս է շատ լավ սերունդ, որն այս ամեն ինչը կկարողանա փոխել»,- ասաց Վ. Խաչատրյանը: 

Արմինե Գրիգորյան  

loading...
website by Sargssyan