Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Լևոն Շիրինյան. «Ժողովուրդը միայն հուսալքված չէ, ժողովուրդը վստահություն չունի»

Ապրիլի 17–ին հաշված օրեր են մնացել: Այդ օրը խորհրդարանը վարչապետ կընտրի: Ապրիլի 9–ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրը, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կստանձնի լիազորությունները, հրաժարական կտա նաև կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: 

Վարչապետի պաշտոնի շուրջ մինչ այս առկա կանխատեսումների, հավանականությունների շղթան ապրիլի 17–ին ընդառաջ ևս իր հանգուցալուծմանն է մոտենում: Զուգահեռ, սակայն, ստեղծվել են նախաձեռնություններ, որոնք պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: 

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, գնահատելով քաղաքական իրավիճակը, կարծում է, որ գործընթացները հանգիստ հունով կընթանան: «Դժվարանում եմ ասել, թե հետագան ինչպիսին կլինի, բայց, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, արտառոց ոչինչ չկա: Իշխող կոալիցիան իր պնդումներն է առաջ տանում, ընդդիմադիրներն էլ՝ իրենցը»:
Ինչ վերաբերում է նախաձեռնություններին, ընդդիմության միասնականության խնդրին, քաղաքագետը նախ նկատում է. «Հայաստանում առհասարակ դիսկուրս է սկսվում՝ «ընդդիմությունը միացած չէ, միացած է»: Ընդդիմություն ասվածն այս պարագայում սխալ տերմին է: Ամեն մեկն իր ճանապարհով է գնում: Յուրաքանչյուրը հայտարարում է, որ այն, ինչ լինելու է, լինելու է Սահմանադրության շրջանակներում: Սա, իհարկե, նորմալ է, բայց ես անձամբ մեծ տեղաշարժեր չեմ տեսնում: Իր ուզածով հարց լուծելու համար անգամ ընդդիմության արմատական թևին ժողովրդի կրիտիկական զանգվածն է պետք: 
Միտինգները հիմա այդ քանակն ունե՞ն: Հավանաբար՝ չունեն, թեև ժամանակ կա՝ կարող է ձնագնդի էֆեկտ ստանալ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկ թե ինչ է պետք ժողովրդին փողոց դուրս բերելու համար, Լևոն Շիրինյանը նշում է. «Նախ՝ ժողովրդի տրամադրվածություն՝ փոփոխության հանդեպ: Երկրորդ հանգամանքը կախված է ընդդիմության լիդերների գործունեության հետ: Այսինքն՝ նրանց նկատմամբ վստահություն, նրանց կողմից համապատասխան մարտավարություն և այլն: Բայց առաջիկայի հարց է՝ միգուցե մտքներին ինչ–որ բան կա և չեն հայտարարում, թեև ես առայժմ ոչինչ չեմ տեսնում: Իսկ ժողովուրդը միայն հուսալքված չէ, ժողովուրդը վստահություն չունի: ժողովուրդն իշխանությունից օտարված է, իսկ ընդդիմության նկատմամբ էլ վստահություն չունի: Կա նաև ահռելի հուսալքություն, ինչն ամենավատ բանն է: Այդ հանգամանքը թուլացնում է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության լեգիտիմությունը: Ժողովրդի նման տրամադրվածությունը տասնյակ տարիների կուտակման հետևանք է. եթե գիտակցության փոփոխություն չլինի, այս վիճակը չի հաղթահարվելու: Ժողովուրդը պետք է հենց ինքն իրենով զբաղվի և փորձի իրեն առողջացնել: Նա պետք է նորից մտածի, որ իր համար կարևորը լավ պետականություն ստեղծելն է, բայց այդ առումով առայժմ նշաններ չկան: Միգուցե կա այդ տրամադրվածությունը, ուղղակի չի դրսևորվում»:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշեց առանձին գործել: Նախաձեռնեց «Իմ քայլը» արշավը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման 3–րդ ժամկետի: «Ելք»–ը հանրային պայքարի ծրագրի շուրջ համաձայնության չեկավ և խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Ս. Սարգսյանին մարտահրավեր կարող են նետել խորհրդարանում:

Լևոն Շիրինյանը շեշտեց՝ Ս. Սարգսյանին խորհրդարանում մարտահրավեր չեն կարող ներկայացնել. «Խորհրդարանում հարցերը քվեարկությամբ են լուծում: Նրանք այնքան մեծ թիվ ունեն, որ մնացածները ոչ մի հարց չեն կարող լուծել: Ի՞նչ մարտահրավերի մասին է խոսքը: Նրանք մարտահրավեր չեն կարող ներկայացնել, չեն ներկայացնի, բայց կխոսեն այդ մասին: Ինչ ասես՝ ժողովրդին խոստանում էին, ասում էին՝ ելք կա, բայց հիմա ուրիշ երգ են երգում: Եթե այդ լոզունգներով էին առաջ շարժվում, հիմա պարտավոր էին փողոց դուրս գալ և ժողովրդին գլխավորել, թե՞ «տեղավորվեցին»՝ վերջացավ: Դրա համար ես այդ կուսակցությանը ո՛չ ընդդիմություն և ո՛չ էլ ուժ եմ համարում: Հարյուր հոգով որպես կուսակցություն են գրանցվում, հետո էլ ասում, թե այս մի բանը չենք անում: Բայց չէ որ ժողովրդին այլ կերպ էին ներկայացել: Նիկոլ Փաշինյանից հետո «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր ամենաբարձրը գոռում, որ ելք կա: Նիկոլ Փաշինյանը հիմա փողոցում է, փորձում է ինչ–որ բան անել, իսկ իրենք ասում են, որ այդ ճանապարհն իրենցը չէ, բայց չէ որ ժողովրդից քվե են ստացել: Դրա համար պետք է հստակեցնել՝ որն է ուժը, որը ուժ չէ: Ո՞վ է իրենց թիկունքում, ժողովո՞ւրդը կա՝ դժվարանում եմ ասել»:

 

Աննա Բադալյան

loading...
website by Sargssyan