Թավշյա հեղափոխության մարզային արձագանքները … հեղափոխության անունից
Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Թավշյա հեղափոխության մարզային արձագանքները … հեղափոխության անունից

Պարզվում է՝ թավշյա հեղափոխության ալիքը մարզերում ու համայնքներում դեռ չի մարել: Եվ շարժման անունից ինչ-որ անհատներ սկսել են գործող մարզպետների, քաղաքապետների, համայնքապետների հրաժարականը պահանջել: Ավագանիները սկսել են նիստեր գումարել ու անվստահություն հայտնել իրենց ղեկավարներին: Ավելին, որոշ ճարպիկներ սկսել են տարածել, թե իրենք շարժման ակտիվիստների կողմից մարզպետի պաշտոնում արդեն նշանակվել են, և ընդամենը մնում է, որ այն իրավական տեսք ստանա: Ու չնայած ՀՀ տարածքային կառավարման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը փորձել է բացատրել, որ մարզպետների նշանակումն իրականացվում է կառավարության կողմից, վարչապետի առաջարկով, սակայն դա ամենևին էլ չի խանգարում, որ սկսված աթոռակռվի շրջանակներում մարդիկ ինքնանշանակումներով զբաղվեն ու համայնքներում ապրողներին էլ համոզեն, թե շարժման մասնակիցներն են իրենց արդեն «նշանակել»:

Պարզ է, որ 90-ական թվականները վաղուց անցյալում են մնացել, և անցել են այն ժամանակները, որ այս կամ այն լուրը տեղ հասցնելու համար օրեր ու ամիսներ պահանջվեին: Հիմա ամեն ինչ շատ պարզ է ու հստակ: Ստի ոտքն էլ այնքան է կարճացել, որ ինքնակոչների կողմից իրականացվող ցանկացած քայլ բացահայտելու և հանրայնացնելու համար առանձնապես շատ ժամանակ հարկավոր չէ: Իսկ նրանք, ովքեր, օգտվելով ստեղծված իրավիճակից՝ փորձում են տեղերում իրենց համար աթոռ զավթել, շուտով կհասկանան, որ այլևս նախկին զոռբայություններով շատ առաջ գնալ հնարավոր չէ: Կա օրենք, կա կարգ ու կա այդ կարգին հետևող գերատեսչություն, ով, սեփական իմիջից ելնելով, պետք է որ շահագրգռված լինի երևույթներին գնահատական տալ ու իրերն իրենց անուններով կոչել:

Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանն իր աշխատանքային առաջին օրն, անդրադարձել է ընթացիկ մի շարք խնդիրների: Գլխավորապես` գյուղապետերի հրաժարականներին: Նա նշել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, համաժողովրդական շարժման անունից հանդես գալով, գնում են տարբեր գյուղապետարաններ և պահանջում գյուղապետերի հրաժարականը:

«Ես, ի պաշտոնե, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ շարժման օրակարգում այդպիսի քայլեր չկան: Եվ բոլոր նրանք, ովքեր առանց մեզ հետ համաձայնեցնելու կատարել են նմանատիպ քայլեր, հորդորում եմ դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը և անհարկի մեր անունից հանդես գալը»,- հայտարարել է Պապիկյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մարզպետներին նշանակում է կառավարությունը վարչապետի առաջարկությամբ և, ինչպես մյուս նշանակումները, ՀՀ վարչապետը կկատարի իր ընտրությունը:

«Այն խնդիրները, որոնք ներկայում կան, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Ես ի պաշտոնե հայտարարում եմ, որ շարժման օրակարգում գյուղապետերի հրաժարականը պահանջելու քայլերի պահանջ չկա: Եվ բոլոր նրանք, ովքեր առանց մեզ հետ համաձայնեցնելու նմանատիպ քայլեր են կատարել, հորդորում եմ դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը և մեր անունից անհարկի հանդես գալը»,- ասաց Պապիկյանը:

Արմինե Գրիգորյան

loading...
website by Sargssyan