Մարդուն պետք է գնահատել իր գործունեությամբ, այլ ոչ թե պիտակավորել. Երևանի ավագանու անդամ Գոռ Վարդանյան
Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Մարդուն պետք է գնահատել իր գործունեությամբ, այլ ոչ թե պիտակավորել. Երևանի ավագանու անդամ Գոռ Վարդանյան

Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Գոռ Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ շարունակվող բողոքի ակցիաներին և նրա հրաժարականի մասին պահանջներին: Ավագանու անդամը նշում է՝ Երևանի բնակիչների գոհունակությունն ու բավարարվածությունը քաղաքապետարանի աշխատանքից բարձր է և կոչ է անում տեսնել այդ ամենը:

- Արդեն մի քանի օր է որոշ քաղաքացիներ քաղաքապետարանի դիմաց են հավաքվում՝ պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինչպե՞ս կգնահատեք այս ամենը։

- Կուզեի մեջբերել սիրված դերասան Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը, որն այսօր աչքովս ընկավ և իրոք սրտովս էր։ Հայկն ուղիղ տեքստով ասում էր հետևյալը. «Եթե մենք ուզում ենք փոխել, օրինակ, Երևանի, Գյումրիի, Վանաձորի և մի շարք այլ քաղաքների և գյուղերի ղեկավարներին, ապա նոր քաղաքապետերը և գյուղապետերը պետք է նշանակվեն ԲԱՑԱՌԱՊԵՍ տեղի բնակչության մասնակցությամբ ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ արդյունքում, այլ ոչ ընկեր, բարեկամ, քավոր-սանիկ կամ կուսակցական ընկեր պատկանելիության շնորհիվ»:

 
 

 Նա կոչ էր անում «չմոռանալ, թե ինչու ենք հավաքվել»։ Իրոք որ, ժամանակն է փողոցից վերադառնալ աշխատանքի ու, բնականաբար, շարունակել հարցեր բարձրացնել, բայց՝ օրինականության շրջանակում։

- Այսինքն՝ մարդիկ չպահանջե՞ն հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականը։

-  Տեսեք, Դուք էլ հարցադրման մեջ շեշտում եք քաղաքապետի հանրապետական լինելը։ Այսինքն ի՞նչ է ստացվում, եթե Տարոն Մարգարյանը Հանրապետական կուսակցության անդամ է, ուրեմն մարդիկ պետք է նրա հրաժարակա՞նը պահանջեն։ Տրամաբանությունը ո՞րն է:

Մեր ժողովուրդը շատ է սիրում ծայրահեղությունների մեջ ընկնել, ինչպես օրինակ՝ նորանշանակ նախարարների դեպքում. եթե աթեիստ է, ուրեմն առողջապահության նախարար չի կարող լինել, եթե արվեստի ոլորտից չէ, ուրեմն չի կարող մշակույթի նախարար լինել, եթե հանրապետական է, ուրեմն չի կարող քաղաքապետ լինել ու այսպես շարունակ... եթե երիտասարդ է, ուրեմն փորձ չունի, եթե փորձառու է, ուրեմն կաշառված է։ Մարդուն պետք է գնահատենք գործունեությամբ, այլ ոչ թե պիտակավորել։

Իսկ գործունեությունը գնահատելու դեպքում կտեսնեք, որ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք կատարված աշխատանքների ծավալն աննախադեպ է. քաղաքաշինական ծրագրեր, նոր ճանապարհներ, փողոցներ, այգիներ ու բակեր. բոլոր ոլորտներում քաղաքային տնտեսությունը վերջին տարիներին զարգացում է ապրել և դա փաստ է։ Քաղաքապետի աշխատանքից Երևանի բնակիչների գոհունակությունն ու բավարարվածությունը բարձր է։ Եվ ի՞նչ, այս ամենը չտեսնենք, ինչ է թե Տարոն Մարգարյանը Հանրապետական կուսակցությունի՞ց է։

- Բայց եկեք արձանագրենք, որ իրողություն է փոխվել, նախկին ընդդիմությունն այժմ կառավարության կազմ է ձևավորում, իսկ նախկին իշխանությունն այսօր պառլամենտական ընդդիմություն է դարձել։ Մի՞թե այս ամենը չի ազդում Երևան քաղաքի կառավարման վրա։

- Չի՛ ազդում և չպե՛տք է ազդի՝ մի քանի պարզ պատճառով։ Նախ՝ Երևանի քաղաքապետն ընտրվում է, այլ ոչ թե նշանակվում վարչապետի կողմից։ Եթե դժգոհությունն իրոք էական է, հնարավոր է այն ռեալիզացնել ընտրությունների միջոցով։ Իհարկե, միլիոնանոց քաղաքում բնական է, որ կարող են լինել նաև մարդիկ, ում, տարբեր պատճառներով, Տարոն Մարգարյանի քաղաքապետությունն ընդունելի չէ, այդ թվում նաև՝ անձնական համակրանքի բացակայությամբ պայմանավորված։ Դա նորմալ է։ Պարզապես պետք է համոզված լինենք, որ մեծամասնության կարծիքն ու կամքը հաշվի են առնվում։

- Լավ, իսկ այս նոր պայմաններում ինչպե՞ս եք տեսնում Երևանի ավագանու շրջանակում ձեր աշխատանքը։

- Համագործակցությամբ և արդյունավետ աշխատանքով։ Ի վերջո, թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում և թե՛ ավագանիում պետք է զարգացնել և ամրապնդել համագործակցության մշակույթը, ինչպես շատ երկրներում համագործակցում են իշխանություն ներկայացնող կառավարություններն ու ընդդիմություն ներկայացնող տեղական ինքնակառավարման մարմինները։ Ողջամտություն ու պարզություն է անհրաժեշտ ու, կարևորը, չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել։

loading...
website by Sargssyan