Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

«Բոլորս նստած իրար ենք նայում և սպասում, թե ով ինչ կարող է անել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու ցանկությունը մեծ է՝ հնարավորությունները, ըստ մասնագետների, ոչ այդքան: «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» հ/կ ղեկավար, ճարտարապետ Աշոտ Միրզոյանը մի քանի խնդիր է առանձնացնում, որոնց լուծման դեպքում գոնե մոտ ապագայում հնարավոր կլինի տեսանելի արդյունք գրանցել:

Գյումրին դառնում է մի կծիկ, որը պետք է քանդել

«Գյումրիում զբոսաշրջության զարգացման ճանապարհը ենթադրում է ձևաչափ, որը պահանջում է այն կանոնները, որոնք գործում են բոլոր քաղաքային բնակավայրերի տուրիզմի զարգացման դեպքում: Արդարացնելու համար չեմ ասում, բայց… Խնդիրները բազմաբնույթ են, և այդ պատճառով տուրիզմը Գյումրիում շատ ավելի բարդ է զարգացնել, քան մի փոքր բնակավայրում: Շահերը, սեփականությունը և այդ ամենի հանրագումարը ստեղծում են այն ահավոր սարդոստայնը, որը կա քաղաքներում, հատկապես՝ Գյումրիում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Միրզոյանը՝ ընդգծելով, որ այդ ամբողջ սարդոստայնի մեջ իրենց դերակատարությունն այս կամ այն ձևով ունեն թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները, թե՛ կառավարությունը, թե՛ բիզնեսը և թե՛ բնակիչները:

«Պատկերացրեցիք, չէ՞, որքան տարբեր համակարգեր կան: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին. արդյո՞ք պատկերացնում ենք, թե ի՞նչ ռեսուրսներ, ի՞նչ ներդրումներ են պետք, և ինչպե՞ս գտնել դրանք ու տեղաբաշխել ճիշտ ուղղություններով: Սրանք հարցեր են: Տուրիզմը չի զարգանա՝ հիմնվելով զուտ տնտեսական տրամաբանության և շահութաբերության վրա: Արդյո՞ք մեր գործարարներն ունեն այն գիտելիքները, որ նշվածի համատեքստում ճիշտ կողմնորոշվեն: Կա՞, այսպես ասած, հեռանկարային մտածելակերպ, թե՞ այսօր կառուցեց և հենց այսօր էլ ուզում է շահ ստանալ: Ներդրումների հնարավորություն առաջացնելու, ֆինանսական մեխանիզմների բացակայության խնդիր կա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում այդ ամենն ապահովելու նոր միջոցներ են ստեղծվել: Օրինակ են արժեթղթերը: Մենք այդ ամենը դեռ չենք կարողանում օգտագործել, այդ պատճառով էլ Գյումրին դառնում է մի կծիկ, որը պետք է քանդել»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Հաճույքով չեն բաժանվում «աղետի գոտի» հասկացությունից

Աշոտ Միրզոյանի խոսքով՝ Սպիտակի երկրաշարժից արդեն գրեթե 30 տարի անց մի մոտեցում կա, ինչն իրեն մտահոգում է:

«Շատ են քննարկում այն, թե ժողովուրդը երկրաշարժից հետո փոխվել է: Այսինքն՝ միայն սպասում է, որ որևէ կողմից՝ լինի կառավարություն, թե բարերար, մի օգնություն գա: Այնպիսի տպավորություն է, որ բնակչի միջից հանել ենք իր սեփական պատասխանատվության զգացումը: Կարծես չկա այն գիտակցումը, որ քայլ անողն ինքն է: Երևի ես էլ կհամաձայնեմ՝ կա նման բան: Բացի այդ՝ խորհրդային շրջանն էլ չի սովորեցրել տեսնել գլխի ճարը: Ինչ–որ տեղ, կարծես, մեր բնակչությունը հաճույքով չի բաժանվում «աղետի գոտի» հասկացողությունից, չենք բողոքում ու ասում՝ հերիք եղավ, մենք այլ համակարգի մեջ ենք արդեն: Իսկ պատմամշակութային շենքերի պահպանության հարցը կապ ունի մարդու համար կարևորությունների հերթականության հետ: Մարդիկ ասում են, որ կարևորն իրենց համար ընդամենը առողջությունն է, երեխաների կրթությունը: Հետո նոր հերթը հասնում է երկրորդական գերակայություններին, որի մեջ նաև այդ պահպանությունն է: Այստեղ, ցավոք, պետությունն էլ շատ անելիք չունի, որովհետև չկան միջոցներ: Եվ այսպես՝ ստացվում է, որ բոլորս նստած իրար ենք նայում և սպասում, թե ով ինչ կարող է անել»,–նշեց Ա. Միրզոյանը: 

Կապը պետք է ամուր ցանց դառնա

Նոր կառավարությունից Գյումրիում սպասելիքներ ունեն. «Դեպի Գյումրի նոր կառավարության գործունեության առումով շատ ակտիվ շարժեր դեռ չեմ կարող արձանագրել, բացառությամբ մշակույթի նախարարության, որը Գյումրիում փորձում է պատմական ժառանգության հետ կապված որոշ պլաններ իրականացնել: Նախարարը մի քանի անգամ եկել է, բայց դեռ որևէ կոնկրետ քայլ չկա: Մենք սպասելիքներ ունենք և այս պահին հուսով ենք, որ գոնե կոռուպցիան դուրս կգա վերոնշյալ կծիկից: Այդ կծիկի ամենամեծ էլեմենտներից մեկը նաև կոռուպցիան էր:

Իսկ ամենաբարդն, ըստ իս, կառավարության, ՏԻՄ–երի, բնակչության և հ/կ–ների միջև կապ ստեղծելն է: Թեև տեսական բան եմ ասում և թերահավատ եմ իրականացման առումով, բայց այդ կապը պետք է ամուր ցանց դառնա: Եթե փորձենք ուժեղացնել այդ կապը, կարող է ինչ–որ բան տեղից շարժվել»,–եզրափակեց հ/կ ղեկավարը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan