Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Ի՞նչ կենդանիներ վերցրեց Նոյը. արդյո՞ք բոլոր տեսակներից զույգ–զույգ

Մենք գիտենք, որ...

Նոյը Աստծո հրամանով, բացի իր ընտանիքի անդամներից, տապան է վերցրել նաև մեկական զույգ՝ յուրաքանչյուր կենդանու և թռչնի տեսակներից՝ արու և էգ, ինչպես նաև ջրհեղեղը հաղթահարելու և վերապրելու համար անհրաժեշտ քանակի սնունդ նրանց ու իր ընտանիքի համար:

Իրականում այդպես չէ:

Ավետարանի Ծննդոց գրքում (7–րդ գլուխ) գրված է, որ Նոյը պարտավոր էր վերցնել մաքուր կենդանիներից 7 զույգ՝ արու և էգ, ոչ մաքուր կենդանիներից 1 զույգ՝ արու և էգ, մաքուր թռչուններից 7 զույգ՝ արու և էգ, ոչ մաքուր թռչուններից 1 զույգ՝ արու և էգ, և նաև այլ տեսակներ սողուններից և այլ կենդանիներից, որպեսզի նրանց տեսակները չկորչեն:

Ոչ մաքուր կենդանիները, ըստ Աստվածաշնչի, համարվում են նրանք, որոնց չէին օգտագործում սննդում և չէին զոհաբերում: Ավելի լայն իմաստով՝ սրանք այն կենդանիներն են, որոնց ժողովուրդը չէր օգտագործում սննդում՝ կապված որոշակի սովորույթների հետ կամ բժշկական հակացուցումների պատճառով:

Այն ժամանակ հրեաները մաքուր էին համարում այն կենդանիներին կամ թռչուններին, որոնց միսը կարելի էր ուտել. դրանք էին, օրինակ, ոչխարները, կովերը, այծերը, անտիլոպները, հավերը և այլն: Միակ անողնաշարավոր մաքուր կենդանին համարվում էր մորեխը, որին ևս ուտում էին: 

Խոսքը չի վերաբերում նրան, որ մաքուր կենդանին անպայման ընտանի կենդանին է: Օրինակ, ոչ մաքուր կենդանիներ էին համարվում նաև խոզերը, ուղտերը, ավանակները:

Միջին դարերում թալմուդիստները (հրեաների սուրբ գրքի՝ Թալմուդի գիտակներ և բացատրողներ) շատ երկար վիճում էին, թե ինչ պատահեց ձկների հետ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ: Որոշ մասն այն կարծիքին էր, որ նրանց թողել էին ինքնուրույն վերապրել ջրհեղեղը, իսկ որոշ մասը գտնում էր, որ Նոյը տապանում նրանց համար հատուկ ակվարիում էր պատրաստել: Հարցն այն է, որ Թալմուդում և Ավետարանում ձկների մասին խոսք չկա:

Նոյան տապանի մասին կարծիքները շատ են և բազմազան: Բազմաթիվ հետազոտողներ կարծիքներ են հայտնել, որ տապանի չափերը պետք է ահռելի լինեին, շատերն անհնար են համարել բոլոր կենդանիներից հավաքել, տեխնիկապես անհնար է համարվել տապանը կառուցել և այլն: Բայց փաստն այն է, որ Նոյան տապանի առասպելն առկա է բոլոր մշակույթներում: Կա ավելի քան 500 այդպիսի առասպել: Սա խոսում է այն մասին, որ Նոյան տապանն իրոք եղել է: 

Բոլորս գիտենք, որ Նոյան տապանը մինչև այժմ փնտրում են: Ըստ Աստվածաշնչի, այն կանգ է առել Արարատ լեռան գագաթին: Դեռևս բաբելոնական պատմաբան Բերոսսուսը մեր թվարկությունից առաջ 275 թվականին պատմել է Արարատի գագաթին իր տեսած նավի մասին: 15–րդ դարում ճանապարհորդ Մարկո Պոլոն գրել է, որ Արարատի գագաթին նկատվում էին տապանի կտորները: Արդեն մեր դարերում եղել են բազմաթիվ փորձեր՝ տապանը գտնելու ուղղությամբ, առկա են անգամ լուսանկարներ՝ տապանի նմանություններով: Բայց սովորաբար թուրքական իշխանությունները չեն թույլատրել հետագա պեղումները:

Երևի թե սա այն դեպքն է, որ հայերը պետք է պարծենան: Արարատը կամ Մասիսը միշտ էլ եղել է հայերինը, չնայած հիմա Թուրքիայի տարածքում է: Իսկ ահա ըստ հյուսիս-կովկասցիների, Նոյը կայանել է Էլբրուսի գագաթին: Վրացիներից ոմանք ավելի հեռուն են գնացել: Նրանք վարկած են հորինել, որ տապանը նավ չէ, այլ քարանձավ Վրաստանի տարածքում, որտեղ և պատսպարվել է Նոյն իր ընտանիքով ու կենդանիներով: Նրանք անգամ քարանձավի տեղն են ցույց տալիս: Զարմանալի լռություն է պահպանում միայն Ադրբեջանը, ուր հեքիաթներ ու պատմություն հորինելու գործում վարպետացել են. նրանք առայժմ չեն ապացուցում այն «ակնառու փաստը», որ Նոյան տապանը կայանել է Կասպից ծովի ափին՝ Բաքվի մոտ: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

loading...
website by Sargssyan