Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Ճամբարափոխությունը արատավոր համակարգերի դեմ պայքարելու լավագույն ճանապարհը չէ

Իշխանափոխությունից հետո տպավորություն կա, որ քաղաքական դաշտն այլևս ազատականացվել է, քանի որ այլևս վերացել են ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհ լինելու և երկարակեցության մասին հնչեցվող միֆերը:

Անցած վեց ամիսների ընթացքում ձևավորվեցին քաղաքական նոր միավորներ, իսկ ավելի վաղ ձևավորվածները կարծես չեն հաջողում ամբողջովին տեղավորվել նոր իրողությունների տրամաբանության մեջ և պահպանել նախկին դիրքերը:

Տարբեր կուսակցություններից դեպի «Քաղաքացիական պայմանագիր» հոսքն ավելի մեծացավ, երբ պարզ դարձավ, որ արտահերթ ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի առաջին տասնօրյակին: Ու, եթե նախորդ իշխանականից ներկա իշխանական կուսակցություն հոսքն ինչ–որ բացատրություն ունի, ապա նախկին ընդդիմադիր կուսակցությունից ներկա իշխանական կուսակցություն տեղափոխվելն առաջին հայացքից մի փոքր անհասկանալի կարող է թվալ: 

Խոսքը օրերս «Ժառանգությունից» «Քաղաքացիական պայմանագիր» տեղափոխված Դավիթ Սանասարյանի մասին է, ինչն, ամենայն հավանականությամբ, զբաղեցրած պաշտոնը պահպանելու ցանկությամբ է պայմանավորված: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն իր նախկին կուսակցին հաջողություն մաղթեց, բայց արձանագրենք, որ կուսակցությունը լքեց ևս մեկը, ով հայտնի էր իր ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ: 

Այս պայմաններում, երբ մի կողմից կարծես բոլոր կուսակցությունների գործունեության համար ստեղծված են բարենպաստ հավասար մեկնարկային պայմաններ, հարց է ծագում, թե «Ժառանգությունում» ինչպե՞ս են գործերը և արդյո՞ք կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ա. Մարտիրոսյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ընդդիմություն հասկացությունը բավականին լղոզված սահմաններ ունի, բայց քարոզարշավի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի:

«Ընտրություններից հետո արդեն միանշանակ, գոնե ֆորմալ առումով, դասական իրավիճակ կլինի: Ինչ վերաբերում է, որ բոլոր կուսակցությունները նույն մեկնարկային հնարավորություններն ունեն, համաձայն չեմ, քանի որ իշխանափոխությունը համաժողովրդական շարժման հետևանքով է տեղի ունեցել, բայց այս պահին իշխանության ղեկին բացառապես «Քաղաքացիական պայմանագիրն» է: Այսինքն, մեկնարկային առումով կուսակցությունները հավասար պայմաններում չեն գտնվում, իսկ ընտրություններից հետո արդեն պարզ կլինի, թե քաղաքական ինչ խճանկար կունենանք»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով կուսակցության պլանների մասին՝ նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն արտահերթ ընտրություններին: Ինչ վերաբերում է կուսակցությունից արտահոսքին, Մարտիրոսյանն ասաց, որ չնայած կուսակցությունից հեռացած կա, սակայն ներհոսքն ավելի մեծ է:

«Որևէ մեկը կուսակցությունից դուրս չի եկել, բացառությամբ Դավիթ Սանասարյանի: «Ժառանգությունը» գաղափարական ուժ է և տարիներ շարունակ իր սկզբունքներին հավատարիմ պայքարել է երկրում առկա անարդարությունների դեմ: Եղել է ընդդիմադիր ուժ, անընդհատ հարվածների տակ է եղել և միայն բարենպաստ իրավիճակներից չէ, որ օգտվել է: Ակնհայտորեն ճանապարհ ենք անցել այն ժամանակ, երբ շատերն անգամ չէին խիզախում իշխանության հասցեին դառը խոսք անգամ ասել: Այսինքն, մենք այդ ծանր ժամանակաշրջանում ենք կուսակցություն ձևավորել, կայացել և, բարեբախտաբար, այդ սկզբունքայնության շնորհիվ է հասարակությունը ընդունել մեր քաղաքական ուժին»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով կուսակցության հայտնի դեմքերի սակավության մասին՝ նա նշեց, որ այս հարցում նույնպես խնդիրներ չկան: Իրենց շարքերում ունեն բավականին հարուստ անցյալ և կենսագրություն ունեցող անհատներ, ովքեր հավատարիմ են կուսակցության գաղափարախոսությանը:

«Ունենք նաև շատ լավ երիտասարդներ, ովքեր տարիներ շարունակ պայքարի մեջ են: Եվ այնպես չի, որ միայն ես եմ կուսակցությունը ներկայացնում: Եթե «Ժառանգությունը» հայտնվի խորհրդարանում, ապա նույնքան ներկայացված ու ակտիվ կգործի, ինչպես 2007–12 թվականներին է գործել: Եվ եթե տպավորություն կա, որ միայն երևացող դեմքերն են կուսակցական գործունեությամբ զբաղվում, այդպես չէ: Ընդհակառակը, հենց չերևացող դեմքերն են օգնում, որ կուսակցության դեմքերն առաջանան ու առաջ մղեն կուսակցությունը: Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, ապա ես միանշանակ միայն «Ժառանգության» հետ եմ ընտրություններին մասնակցելու, քանի որ քաղաքական ճամբարափոխությունը երկրում առկա արատավոր համակարգերի դեմ պայքարելու կամ համակարգային փոփոխություններ իրականացնելու լավագույն ճանապարհը չէ: Ինչ վերաբերում է ծրագրային դրույթներին, ապա մենք ունենք այնպիսի դրույթներ, որոնք պետք են նաև ներկա իշխանություններին»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

loading...
website by Sargssyan