Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Կետչուպն ի սկզբանե պատրաստել են ոչ լոլիկից, այլ...

Մենք գիտենք, որ...

Կետչուպն ունի ամերիկյան ծագում, և նրա հիմնական բաղադրիչը լոլիկն է:

Իրականում այդպես չէ:

Ի սկզբանե կետչուպ պատրաստել են Ասիայում, մասնավորապես՝ Չինաստանում, որտեղից այն թափանցել է Եվրոպա, իսկ այնտեղից էլ՝ Ամերիկա: Կետչուպ բառը չինական ծագում ունի և բառացի նշանակում է «ձկան սոուս»: Ավելի կոնկրետ՝ կետչուպ ի սկզբանե պատրաստել են Վիետնամում գտնվող Մեկոնգ գետի ափերին ապրող կխմերները և վիետնամցիները: Գետով նավարկող չինացի նավաստիները նկատել են, որ ձկնորսներն իրենց կերակուրներին խառնում են հոտած ձկան` սուր համ ունեցող գորշ գույնի թանձր հյութ: Վիետնամում այդ սոուսը այլ կերպ էին անվանել, բայց չինացի նավաստիները նպատակահարմար են համարել դրան «ձկան սոուս» անունը տալ: Նրանք որոշում են այս նորույթը հասցնել նաև Չինաստան, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Մալազիա ու վաճառել: 17–րդ դարի սկզբում այս տարածքներ ներթափանցած հոլանդացի ու բրիտանացի առևտրականները սկսում են այն գնել ու վերավաճառել, ու մի քանի տասնամյակ անց այս առևտուրը շատ եկամտաբեր է դառնում: Եվրոպա հասցված այս ապրանքը շատ թանկ էր վաճառվում, և արդյունքում սկսում են հրատարակվել խոհարարական գրքեր` նվիրված կետչուպի պատրաստման էժան եղանակներին: Ընդ որում, սկսում են կետչուպներ արտադրել այլ ծովամթերքներից, անգամ հունական ընկույզից, սոխից, լոբուց և այլն՝ օգտագործելով նաև համեմունքներ, սխտոր և գինի: Այդ ժամանակ կետչուպ պատրաստելու համար դեռևս լոլիկ չէր օգտագործվում: Ներկայումս այն ժամանակվա առանց լոլիկի կետչուպների բաղադրատոմսերից օգտագործվում են միայն սնկով և ձիթապտղով կետչուպները: 

Լոլիկի հիմքով կետչուպների բաղադրատոմսերը խոհարարական գրքերում սկսել են հայտնվել 19–րդ դարի սկզբին՝ Ամերիկայում: Դրանցից ամենահինը 1801 թվականին հրատարակված՝ Սենդի Էդիսոնի բաղադրատոմսն է, ապա՝ 1812 թվականին Ջեյմս Միզի բաղադրատոմսը, իսկ 1824 թվականին լույս է տեսնում Մերի Ռենդոլֆի «Տնային տնտեսուհին Վիրջինիայից» խոհարարական գիրքը , որտեղ ևս կային կետչուպի բաղադրատոմսեր: Ամերիկացի Հեյնզը, որը կետչուպ արտադրող «Heinz» ընկերության ղեկավարն էր, թանձրահյութին սկսել է հավելել նաև մեծ քանակությամբ շաքար, որպեսզի հնարավոր լինի կետչուպը պահածոյացնել ու երկար ժամանակ պահպանել: «Heinz» կոնցեռնը ներկայումս հանդիսանում է աշխարհում կետչուպի ամենախոշոր արտադրողներից մեկը: Ներկայումս պահածոյացման համար օգտագործում են նաև նատրիումի բենզոնատ, իսկ լոլիկի հյութի փոխարեն օգտագործում են խիտ տոմատի մածուկ, որը ստանում են վակուումային գոլորշիացմամբ՝ առանց տաքացնելու: Արդյունքում ստացված կետչուպը կարելի է պահպանել անգամ սենյակային ջերմաստիճանում: Արտադրողների համար խիստ կարևոր է կետչուպի մածուցիկությունը, որի անհրաժեշտ մակարդակին հասնում են կետչուպին կրախմալ խառնելով: Տոմատի մածուկից բացի կետչուպի պատրաստման համար օգտագործվում են նաև քացախ ու համեմունքներ (աղ, սև, կարմիր պղպեղ և այլն):

Կետչուպը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, նատրիում, սպիտակուց, ինչպես նաև վիտամիններ: Այն շատերի կողմից սիրված սոուս է և հրաշալի համադրվում է տապակած ու խորոված մսային կերակուրների, կարտոֆիլի հետ, ինչպես նաև կազմում է սենդվիչների ու բուտերբրոդների անբաժան մասը:

Տեսականորեն, քանի որ կետչուպը պարունակում է տոմատի մածուկ, պետք է պարունակի մեծ քանակով լիկոպին հակաօքսիդանտ: Իհարկե, այստեղ կապ ունի, թե ում արտադրանքն է այն, քանի որ կետչուպը արտադրության ընթացքում ենթարկվում է բարդ տեխնոլոգիական ազդեցությունների: Օրինակ, Ռուսաստանի մանկապարտեզներում, դպրոցներում և միջին մասնագիտական հաստատություններում արգելված է կետչուպի օգտագործումը: Չգիտեմ՝ արդյո՞ք դա կապված է նրա հետ, որ ռուսները կետչուպը համարում են վտանգավոր, թե՞ ուղղակի համարում են, որ այն ամերիկյան սննդամթերք է և պետք չէ ուտել

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

loading...
website by Sargssyan