Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Ի՞նչ էր իրականում անում Խրուշչովը կոշիկով

Մենք գիտենք, որ...

ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը 1960 թվականի հոկտեմբերի 12–ին ՄԱԿ–ում հանել է կոշիկը և դրանով սկսել խփել ամբիոնին: Անգամ կա հանրահայտ նկարը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Նույնիսկ մի թեթև ուշադիր նայելու դեպքում երևում է, որ այդ նկարը մոնտաժված է, ընդ որում՝ այնքան անտաղանդ ձևով, որ ամեն ինչ պարզ երևում է: Հարցն այն է, որ կա նաև այս նկարի օրիգինալը, որտեղ երևում է, որ Նիկիտա Սերգեևիչը բռունցքն է թափահարում: Այն, որ Խրուշչովը հանել է կոշիկը և թմբկահարել ՄԱԿ–ի ամբիոնը, տարածել են արևմտյան ռադիոկայանները, իսկ այն ժամանակ հասարակ ժողովուրդը լսում և հավատում էր նրանց: Ի դեպ, Կրեմլը ժամանակին պաշտոնապես հերքել էր այդ տեղեկատվությունը: Իրականում այդ օրը, կապված Խրուշչովի կոշիկի հետ, ՄԱԿ–ում իրոք ինչ–որ բան եղել է: 1960 թվականի հոկտեմբերի 12–ին ընթանում էր ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 15–րդ խորհրդաժողովը: Խրուշչովը խորհրդային պատվիրակության հետ միասին ամեն կերպ փորձում էր խափանել այդ խորհրդաժողովը: Ըստ ժամանակակիցների պատմածների, Նիկիտա Խրուշչովը, Անաստաս Միկոյանը, Վիկտոր Սուխոդրևը (Խրուշչովի անձնական թարգմանիչը) և պատվիրակության մյուս անդամները հիմնական զեկույցի ժամանակ փորձում էին ամեն կերպ ցույց տալ, որ զեկույցը անհետաքրքիր է, նրանց պետք էր դահլիճի և լրագրողների ուշադրությունը շեղել հիմնական քննարկվող հարցից, որը, ի դեպ, շատ սուր հարց էր՝ ընթանում էր «հունգարական հարցի» քննարկումը (1956 թվականին Հունգարիայում իրականացված հեղափոխության և ԽՍՀՄ–ի կողմից այն ուժով ճնշելու հարցը): Մասնավորապես Խրուշչովը Ֆիլիպինները ներկայացնող դիվանագետին անվանեց «ամերիկյան իմպերիալիզմի ծառա», քանի որ վերջինս կոչ էր անում խորհրդային բանակը դուրս բերել Արևմտյան Եվրոպայից և ազատություն տալ այդ երկրներին:

Այդ օրը Խրուշչովը ամառային բաց կոշիկներ էր հագել՝ մոտավորապես սանդալների տեսքով կոշիկներ: Հիմնական զեկույցի ժամանակ նա հանեց մի կոշիկը և հատուկ սկսեց երկար նայել դրան, ապա բարձրացնելով գլխի մակարդակին՝ թափահարեց՝ իբր թե այնտեղ եղած ինչ–որ քար գցելու նպատակով, հետո էլ թեթև խփեց սեղանին, քանի որ քարը դուրս չէր գալիս: Սրանով նա ընդամենը ուշադրություն էր գրավում, և դա նրան հաջողվեց: Կա այս ամենի նաև ուրիշ նկարագրություն: Այդ նիստին ներկա Life ամսագրի լուսանկարիչ Ջոն Լոնգարդը փաստում է, որ Խրուշչովը հաստատ կոշիկով չի թմբկահարել սեղանը, չնայած զգացվում էր, որ հաստատ ցանկանում էր դա անել: Ըստ նրա, Նիկիտա Սերգեևիչը հանել է կոշիկը, այն դրել սեղանին և ցույց տվել, որ պատրաստվում է թմբկահարել դրանով: Այդ պահին դահլիճի բոլոր լրագրողներն իրենդ ֆոտո և տեսախցիկները ուղղել են նրան՝ սպասելով հետագա գործողությունների, բայց նա ընդամենը հագել է կոշիկը և ուղղվել դեպի ամբիոն, քանի որ նախագահողը նրան ելույթի է հրավիրել: Ըստ Լոնգարդի, եթե Խրուշչովը կոշիկով հարվածեր սեղանին, ապա անկասկած դա կարձանագրեին տեսա և ֆոտոխցիկները, քանի որ նրանք հաստատ չէին կորցնի այդ պահը: ՄԱԿ–ի գագաթաժողովում արձանագրված այս դրվագը ունի ևս մի նկարագրություն: Դահլիճում իսպանական պատվիրակությունը նստած էր խորհրդային պատվիրակությունից առաջ և մի քիչ ներքև: 

Այդ ժամանակ դիվանագիտական հարաբերությունները ԽՍՀՄ–ի և ֆրանկոյական Իսպանիայի միջև խզվել էին դեռևս 1939 թվականից: Պարզ է, որ դահլիճում այս պատվիրակությունների միջև թեթև խոսքուկռիվ է եղել: Այդ ժամանակ էլ հենց Խրուշչովը հանել է կոշիկը և դրել սեղանին այնպես, որ կոշիկը համարյա դիպչեր իր առջև նստած իսպանացու ծոծրակին՝ դրանով իսկ դահլիճում աշխույժ ծիծաղ առաջացնելով: 

Դե ինչ, հաստատապես կարելի է ասել, որ «կոշիկային դիվանագիտության» սկիզբը հենց ԽՍՀՄ–ի էքսցենտրիկ ղեկավար Նիկիտա Խրուշչովն է դրել: Իսկ արդեն հետո լրագրողի կողմից ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ կոշիկ թռավ Իրաքում, իսկ արդյունքում, ասում են, Բուշը մեծ՝ մոտավորապես 44 համարի հետք թողեց Իրաքի պատմության մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

loading...
website by Sargssyan