Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Իսկ ձիերը քանի՞... ձիաուժ ունեն

Մենք գիտենք, որ...

Օրինակ՝ 100 ձիաուժ հզորությամբ շարժիչով մեքենային համարժեք աշխատանք կարող է կատարել 100 ձին: Սա անգամ չափման միավորի անվանումից է երևում:

Իրականում այդպես չէ:

Բանն այն է, որ ձիաուժը հզորության հաշվարկման աբստրակտ միավոր է: Առաջին հերթին պարզ է թեկուզ միայն այն, որ ձիերն ինքնին տարբեր են լինում, իսկ ինչպես գիտենք, յուրաքանչյուր չափման միավոր պետք է ունենա նաև իր էտալոնը, այսինքն՝ այս դեպքում՝ էտալոնային ձին, որը, իհարկե, չկա: Բացի այդ, օրինակ, նույն լծի տակ գտնվող 4 ձիու հզորությունը այնքան է, ինչքան ունեն 3 ազատ ձիերը, իսկ լծված 8 ձիերինը հավասար է 4 ազատ ձիու ուժի և այսպես շարունակ. ինչքան շատ կենդանի է օգտագործվում, այնքան նկատվում է օգտակար գործողության գործակցի անկում:

Ձիաուժը հզորության արտահամակարգային հնացած միավոր է։ Այն մտցվել է 18–րդ դարում և շարունակում է կիրառվել տեխնիկայի որոշ բնագավառներում (ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն) ։ Գոյություն ունեն ձիաուժի տարբեր չափանիշներ և տեսակներ։ Ձիաուժի ամենատարածված չափը, որը հիմնականում օգտագործվում է 

էլեկտրատեխնիկայում, հավասար  է 745.699872 վատտի։ Մի շարք երկրներում 1 ձիաուժը հավասար է 735,499 վատտի, ԱՄՆ – ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում՝ 745,7 վատտի։

Ձիաուժ միավորը օգտագործման մեջ է մտցրել շոտլանդացի ինժեներ Ջեյմս Ուատտը՝ ջերմային շարժիչների և բեռնաքարշ ձիերի հզորությունները համեմատելու համար, մոտավորապես 1789 թվականին։ Մասնավորապես պատմում են, որ Ուատտի առաջին մեքենաներից մեկը գնել է ինչ–որ գարեջրագործ, որպեսզի նրանով փոխարինի ջրի պոմպը աշխատեցնող ձիուն: Ըստ տարածված լեգենդի, գարեջրագործը որոշում է խաբեություն անել ու ընտրելով ամենադիմացկուն և ուժեղ ձիուն՝ ստիպում է նրան աշխատել ուժերի գերլարումով: Ուատտի մեքենան անգամ այս դեպքում գերազանցել է ձիուն: Այսպիսով, մեկ ձիաուժի էտալոն դարձավ հենց Ուատտի ստեղծած այդ շոգեշարժիչը, չնայած համարվում է, որ ձիու երկարատև ժամանակահատվածում զարգացրած հզորությունը մեկ ու կես անգամ պակաս կլիներ 

Ուատտի շոգեմեքենայի հզորությունից: Բրիտանիայի գիտական ասոցիացիաների երկրորդ գիտական կոնգրեսի ժամանակ 1882 թվականին ընդունվեց նոր հզորության միավոր՝ վատտը՝ ի պատիվ Ջեյմս Ուատտի՝ առաջին շոգեմեքենայի ստեղծողի: Մինչև դա որպես հզորության միավոր օգտագործվում էր Ուատտի կողմից ներդրվածը՝ ձիաուժը: Տարբեր են ոչ միայն ավտոմեքենաների շարժիչների հզորության չափման միավորները, այլև դրանք չափելու մեթոդները: Եվրոպայում ընդունված ստանդարտ մեթոդը կիլովատտն է: Եթե հզորությունը ներկայացված է ձիաուժերով, ապա սրա վերածումը կիլովատտների տարբեր երկրներում տարբեր արդյունքներ կտա: ԱՄՆ–ում և Ճապոնիայում շարժիչի հզորության հաշվարկման երկու այլ միավոր է օգտագործվում:

Նշենք, որ նախկինում եվրոպական երկրներում ընդունված էր տրանսպորտային միջոցի գույքահարկ հավաքել ըստ շարժիչի հզորության՝ հաշվարկած ձիաուժերով: Իհարկե, այդ ամենը հետագայում փոխվել է, օրինակ, 1940–ականներին Մեծ Բրիտանիայում սկսեցին գույքահարկ հավաքել՝ կախված մեքենայի չափերից, Ֆրանսիայում ձիաուժի փոխարեն սկսեցին օգտագործել կիլովատտը և այլն: Չգիտեմ, թե էլ քանի երկրում է, որ տրանսպորտային միջոցի գույքահարկ դեռևս գանձվում է ըստ ձիաուժերի, բայց այն հաստատ կա Ռուսաստանում և Հայաստանում: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

loading...
website by Sargssyan