Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Ինչպե՞ս որոշել՝ ձեր բերանից տհաճ հոտ գալի՞ս է, թե՞ ոչ

Մենք գիտենք, որ...

Ափի մեջ շնչելով և հոտ քաշելով՝ կարող ենք որոշել, թե արդյո՞ք հոտ է գալիս բերանից: 

Իրականում այդպես չէ:

Հարցն այն է, որ ափի մեջ շնչելը չի տալիս հենց այն հոտը, որը գալիս է ձեր բերանից, երբ խոսում եք: Պարզ է, որ այստեղ ավելի շուտ դուք կզգաք ձեր ձեռքերի հոտը, մանավանդ, եթե դրանից առաջ ինչ–որ հոտավետ նյութի եք ձեռք տվել, բացի այդ, հոտը այնքան էլ չի ֆիքսվում ձեռքին: Իհարկե, մարդը ինքն էլ կարող է որոշել, թե արդյոք հոտ գալիս է իր բերանից: Բանն այն է, որ տհաճ հոտ արձակող հիմնական մասը բերանի խորանիստ հատվածն է և մասնավորապես լեզվարմատը: Դրա համար վերցվում է մաքուր գդալը և թեթևակի քերվում է լեզվի ամենախոր ընկած հատվածի սպիտակավուն փառը, հետո արդեն հոտառությամբ որոշվում տհաճ հոտի առկայությունը: Նման կերպ նաև բժիշկներն են որոշում բերանի տհաճ հոտի կամ, բժշկական լեզվով արտահայտած, գալիտոզի առկայությունը: Մեկ այլ մեթոդով բժիշկը ուղղակի 5 սանտիմետր հեռավորությունից հոտ է քաշում պացիենտի բերանից կամ ատամները մաքրելու համար օգտագործված թելից (վերջինս, ի դեպ, կարող եք նաև դուք անել ձեր բերանի հոտը որոշելու համար): Ցանկացած դեպքում գալիտոզի ախտորոշման ամենաճշգրիտ մեթոդը գազային քրոմոտոգրաֆիան է, որը վերջնական արդյունքում որոշում է արտաշնչած օդում բարդ գազային միացությունների և ծծմբի առկայությունը: Պարզ է, որ սա հատուկ սարքավորումներ պահանջող բարդ հետազոտության մեթոդ է և կարող է լինել հատուկենտ կլինիկաներում:

Իրականում եթե անգամ մարդը մտածում է, որ իր բերանից տհաճ հոտ է գալիս, ոչ միշտ է այդպես լինում: Սովորաբար մարդիկ սխալ են մեկնաբանում զրուցակցի վարքագիծը, եթե նա շրջվում է, կամ էլ հետ է շարժվում դիմացինի խոսելու ժամանակ: Այդ շարժումները կարող են լինել տարբեր պատճառներով: Մասնավորապես, ցանկացած անհատ ունենում է իր «կենսական տարածությունը», որը տարբեր մարդկանց մոտ տարբեր կարող է լինել: «Կենսական տարածությունը» մարմինը շրջապատող այն տարածքն է, որտեղ կարող են մտնել միայն նրան շատ հարազատ մարդիկ, իսկ եթե այդ տարածք է ներխուժում այլ անձ, մարդու մոտ դիսկոմֆորտ է առաջանում: Պետք է հիշել նաև, որ շատ են մարդիկ, որոնք խոսելիս անընդհատ փորձում են մոտենալ զրուցակցին: Կատարված մի հետազոտության արդյունքում պարզվել է, որ միայն մարդկանց 27%–ն է փորձում հեռանալու շարժում կատարել զրուցակցից, եթե նրա բերանից տհաճ հոտ է գալիս: Հիմնական դեպքերում մարդիկ գալիտոզ ունեցող զրուցակցից չեն խուսափում, որպեսզի չվիրավորեն նրան:

Իսկ ընդհանրապես համարվում է, որ գալիտոզ ունի մարդկանց մոտավորապես 42– 50 տոկոսը, չնայած ճշգրիտ թիվը հայտնի չէ: Գալիտոզը (առաջացել է հուներեն Halituss– շնչառություն բառից) աղեստամոքսային որոշակի հիվանդությունների ժամանակ մարդկանց և կենդանիների մոտ առաջացած պաթոլոգիական վիճակ է, որն ուղեկցվում է բերանի խոռոչում անաէրոբ միկրոօրգանիզմների քանակի աճով և արտահայտվում է բերանի տհաճ հոտով: Այս տերմինը շատ է օգտագործվում ստոմատոլոգիայում, սակայն հաճախ գալիտոզի պատճառ լինում են ոչ թե բերանի խոռոչի հիվանդությունները, այլ ներքին օրգանների պաթոլոգիաները: Տհաճ հոտի առաջացման պատճառը ցնդող ծծմբային միացություններն են: Սրանցից ամենատհաճը ածխածնի սուլֆիդն է, որը ունի հոտած ձվի հոտ, և էթանթիոլը, որն էլ ունի փտած կաղամբի հոտ: Բերանի հոտը կարող է նաև կախված լինել օգտագործած սննդամթերքի հետ և լինել ժամանակավոր (սոխ, սխտոր և այլն ուտելուց հետո):

Հետաքրքիր է, բայց գալիտոզ անվանումը բժիշկները չեն հորինել: Առաջին անգամ այս տերմինը օգտագործվել է 1920 թվականին գովազդային նպատակներով՝ բերանի ողողման «Լիստերին» հեղուկը գովազդելու համար: Այն ժամանակ որոշել էին, որ գալիտոզը հիվանդություն չէ, այլ նշանակում է ոչ թարմ շնչառություն, որը կարելի է թարմացնել «Լիստերինով»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

loading...
website by Sargssyan