Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Քաղաքական պատասխանատվության ուրվականը. ինչո՞ւ է նեղսրտած ՀՀԿ քաղաքական թևը

1or.am-ը գրում է՝

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները վերջին շրջանում հաճախ են կրկնում այն միտքը, թե իրենց շարքերը լքածները այժմ հայտնվել են իշխող ուժի կողքը: Ավելին՝ նրանք նշում են, որ հենց այդ մարդկանց պատճառով էր ՀՀԿ–ն ժամանակին քննադատվում՝ ակնարկելով, որ այժմ իրենց քննադատելու որևէ առիթ չկա, այդ առիթները պետք է փնտրել իշխանության շարքերում:

Այն, որ ՀՀԿ շարքերը լքած կամ ժամանակին ՀՀԿ–ին ծառայություն մատուցած որոշ շրջանակներ կարող են հայտնվել իշխանության կողքին կամ առնվազն անեն այդպիսի փորձեր, ոչ միայն ենթադրելի էր, այլև ակներև է այս քարոզարշավի ընթացքում: Սակայն, եթե նույնիսկ ողջ օլիգարխիկ շերտը, որ ժամանակին մաս է կազմել ՀՀԿ–ին, այժմ հայտնվի իշխանության կողքին, դա որևէ կերպ չի նշանակում, թե ՀՀԿ–ն դադարում է լինել քննադատելի:

Խնդիրը քաղաքական պատասխանատվության դաշտում է: Քաղաքական ուժի գործունեության համար նախ պատասխանատու են այդ ուժի քաղաքական դեմքերը, քաղաքական ուղեգիծը որոշող դեմքերը, հետո նոր այդ գծին սպասարկողները, որոնք կարող են այս կամ այն հանգամանքներից ելնելով փոխել իրենց ճամբարը: Հետևաբար, անկախ նրանից, թե ՀՀԿ–ում հիմա ովքեր են մնացել ու ովքեր են գնացել, ՀՀԿ քաղաքական թևը շարունակում է պատասխանատվություն կրել իրենց կուսակցության հանդեպ եղած քննադատությունների համար, անկախ այդ քննադատությունների թիրախում եղած մարդկանց դիրքավորումից:

Հենց քաղաքական թևի թույլտվությամբ կամ նույնիսկ խրախուսմամբ է, որ այդպիսի մարդիկ հայտնվել են ՀՀԿ կողքին, ծառայություններ են մատուցել ՀՀԿ–ին: Ավելին, հենց այդ մարդկանց շնորհիվ է, որ ՀՀԿ–ի քաղաքական թևում դիրքավորվողներից շատերը հայտնվել են խորհրդարանում, ռեյտինգային ընտրակարգի ողջ իմաստն այդ էր: Ասել է թե, քաղաքական թևն է, որ որոշել է օգտագործել իրենց ծառայություն մատուցող մեծ ու փոքր կալիբրի սուբյեկտների ռեսուրսը, հետևաբար հենց ինքն է կրում այդ ռեսուրսի հանդեպ հանրային դժգոհության ողջ պատասխանատվությունը:

Ընդ որում, խնդիրը չի սահմանափակվում միայն ՀՀԿ–ով: Այն, որ նման ծառայություններ մատուցողները հայտնվել են հիմա էլ այլ ճամբարում, ոչ թե այդ մարդկանց խնդիրն է, այլ նրանց իրենց քաղաքական նպատակահարմարության համար օգտագործողների, քաղաքական որոշումներ կայացնողների: Ի վերջո, խնդիրը ոչ թե կոնկրետ վերաբերում է այս կամ այն կուսակցությանը, այլ ընդհանրապես կուսակցական համակարգի էությանն ու քաղաքական պատասխանատվությանը:

Նախկինում էլ էր քաղաքական թևը՝ օգտվելով հանդերձ օլիգարխիկ ու օդիոզ շերտի ծառայություններից, նրանց սկանդալային հայտարարությունները ու քայլերը փորձում մեկնաբանել քաղաքական խոսքի պատասխանատվության դաշտից դուրս: Նույնը տեղի է ունենում հիմա, երբ օրինակ Սասուն Միքայելյանի հայտնի ձևակերպման հետ կապված հնչում են արդարացումներ, որոնց հիմքում Միքայելյանի ազատամարտիկ լինելն է: Ազատամարտիկ լինելու հանգամանքը, ըստ ամենայնի, արդարացնողների կարծիքով, թույլ է տալիս շրջանցել քաղաքական պատասխանատվության խնդիրը:

Հայաստանյան կուսակցությունները խնդիր ունեն կուսակցական ֆիլտրերի կայացման: Այլապես այս արատավոր ցիկլը դատապարտված է անընդհատ կրկնվել, երբ ամեն պահի իշխանությունը կարող է վայելել որոշակի շերտերի աջակցություն, իսկ իշխանություն կորցնելուց հետո զարմանալ, որ այդ շերտը անհետացավ կամ հայտնվեց հակառակ ճամբարում: Քաղաքական պատասխանատվության խնդիր ունի ոչ թե այդ շերտը, որն ի սկզբանե լուծում է պարզապես կենցաղային կամ անձնական բարեկեցության խնդիրներ, այլ այն քաղաքական ուժերը, որոնք պահի նպատակահարմարությունից ելնելով օգտվում են դրանց ծառայությունից, իսկ հետո էլ նեղսրտում, որ իրենց դավաճանել են կամ իրենց քննադատում էին մարդկանց համար, որոնք հիմա այլ ճամբարում են: 

loading...
website by Sargssyan